«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՀԻՍՈՒՆ ՏԱՐՎԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ և ԲԵՄԱԿԱՆ ԽԱՂԸՆԿԵՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

ՀԻՍՈՒՆ ՏԱՐՎԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ և ԲԵՄԱԿԱՆ ԽԱՂԸՆԿԵՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
28.01.2011 | 00:00

Հանճարեղ մարդ էիր, ծնված բեմի համար,
Օժտված բոլո՜ր, բոլո՜ր շնորհներով վերին,
Դու արվեստի ԽԱՉԸ-ը թեթևությամբ տարար,
Հիշատակիդ ՎԱՆՔ-ը թողիր սերունդներին։

Դերենիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ամենաառաջատար արտիստն էր ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԸ, այն թատրոնի, որի գոյության ու ստեղծագործական առաջընթացի համար նա մեծ ջանքեր է գործադրել, և որի հետ նա, փաստորեն, կապված է եղել ավելի քան կես դար` սկսած նրա սկզբնավորումից, պատերազմական ծանր ու դաժան օրերից, և պատահական չէր, որ ճակատագրի բերումով երևանյան օպերետային թատրոնը եղավ մեծանուն արվեստագետի, ծիծաղի արքայի ստեղծագործական անհանգիստ կյանքի հանգրվանը։
Մերժելով տարբեր թատրոնների հրավերները` Կարպը նախընտրեց Երևանը, նրա նորաստեղծ թատրոնը, և ինչպես նկատել, գնահատել ու մեծարել են անվանի մտավորականներն ու երախտագետ հայ ժողովուրդը, Կարպը եկավ... խաղաց... մնաց։
Թբիլիսիի կինոդերասանի ստուդիայից հետո (1944 թ.) Կարպն անմիջապես բեմ նետվեց այն ժամանակ, երբ երևանյան օպերետն ապրում էր իր զարգացման արշալույսը։
Կալմանի «Սիլվա» օպերետի Բոնիի առաջին իսկ դերակատարումով Խաչվանքյանը ցոլաց որպես նորագյուտ աստղ, իր գեղեցիկ արտաքինով, մանավանդ բեմական առկայծումներով, պարային թռիչքներով, փայլուն երգեցողությամբ և բացառիկ հմայքով` անմիջապես վաստակելով լայն հասարակության սերն ու համակրանքը։ Նրան գնահատեցին շատերը, նրան մեծարեց Վարպետը` Ավետիք Իսահակյանը, ասելով. «...Կարպը մեզ համար անակնկալ է` անսպասելի գյուտ...»։
«Վերջապես մեր օպերետային թատրոնն ունեցավ հրաշալի պրոստակ, որի կարիքն անհրաժեշտաբար զգացվում էր...»,- բացականչեց հրաշագեղ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը։ «Այս տաղանդաշատ երիտասարդը բեմական իր կուլտուրայով ինձ տեղափոխեց իմ երիտասարդության հայրենիքը` Պետերբուրգ»,- խոստովանեց քմահաճ խմբավար-դիրիժոր Արամ Տեր-Հովհաննիսյանը։
Սրանք Կարպ Խաչվանքյանի դերասանական արվեստի գնահատման բարձրագույն չափանիշներն էին, որոնք ոչ միայն հովանու տակ էին պահում նոր-նոր թատրոն ոտք դրած աստվածաշնորհ դերասանի վայրկյան-վայրկյան աճող, հրաբխի նման ժայթքող և ուղղակի վրայից թափվող տաղանդի առկայծումները, այլև զորեղ ազդակ էին դառնում նրա կայացմանը։
Արդյոք այս ամենի տրամաբանական շարունակությո՞ւնը չէր, որ 50 տարի անց աշխարհահռչակ երգչուհի Գոհար Գասպարյանը գրեց. «...Ծիածանի բոլոր գույներով բոցավառվող բենգալյան ճրագների պես հրավառություն հիշեցնող վերակերպավորման վարպետության դերասան...»։
Եվ իրապես, Կարպ Խաչվանքյանի անժխտելի տաղանդի շնորհիվ էր, որ թատրոնի խաղացանկ մտան ժամանակակից, դասական ու համաշխարհային ճանաչման հասած կատակերգություններ, երաժշտական կոմեդիաներ, օպերետներ, մյուզիքլներ, վոդևիլներ, որոնց բեմադրությունների ոչ միայն գլխավոր դերակատարը եղավ մեծաքանքար արտիստը, այլև դարձավ դրանցից շատերի բեմադրիչը։
Ես երջանիկ եմ բոլոր այն երջանիկներից, ում առաջինը բախտ վիճակվեց ծանոթ լինելու դեռ Երևանին անծանոթ իմ Կարպին, որը դեռ էն գլխից ինձ իրավունք տվեց իրեն Կարպուշայով դիմելու ու պարգևեց գնալով աճող և մտերմության վերածվող մեծ բարեկամություն, ինչը ես կյանքիս հարստություններից մեկն եմ համարում։
Հպարտ եմ նաև, որ բախտ եմ ունեցել մտնելու նշանավոր արտիստի ստեղծագործական «խոհանոցը»։ Չտիրապետելով մայրենի լեզվին` Կարպն ինձ խնդրում էր արտագրել հայաբառ իր դերերը` ռուսերեն տառերով։
Կարպ Խաչվանքյանի լայն ժողովրդականացմանը մեծապես նպաստել է մեկ այլ զորեղ անհատականություն` համայն հայության սիրելի, ժողովրդական դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը։
Ճակատագրական եղավ նրանց հանդիպումը 1949-ին Լեպինի «Մի քաղաք կա Վոլգայի վրա» օպերետում։ Առաջին իսկ հանդիպումից բեմը նրանց մեկտեղեց, ծնվեց բեմական մի հրաշազույգ, և հիսուն տարուց ավելի հանդիսատեսը թատրոն էր գալիս հատկապես այդ զույգին տեսնելու և չէր պատկերացնում նրանց առանց մեկը մյուսի։
ՈՒ այսօր էլ երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճը լեփ-լեցուն է լինում, երբ խաղում է մեծանուն դերասանուհին։ Հանդիսատեսը դարձյալ գալիս է նրանով հիանալու և նրանից առնելու խաչվանքյանական իր կարոտը, ինչը բեմից շռայլորեն շաղ է տալիս Սվետլանա Գրիգորյանը` խաղալով նաև Կարպի փոխարեն։
Սկսած 1944-ից, յուրաքանչյուր տարվա հունվարի 23-ին, Կարպի ծննդյան օրը, մտերիմներով հավաքվում էինք նրա հարկի տակ։
ՈՒ այսօր չկա Երևանին, Հայաստան աշխարհին, համայն հայությանն այնքան սիրելի, այնքան անհրաժեշտ արտիստը, բայց կա խաչվանքյանական լեգենդը, կա «Կարպի թատրոնը», որի պատին ամրացված հուշաքարը սերունդներին կպատմի նրա կյանքի հեքիաթը։
Արդեն 13 տարի է, ինչ նա մեզ հետ չէ, բայց միտքս շարունակ նրա հետ է։ Ես մտովի վերապրում եմ մեր անշահախնդիր ընկերության 54 տարվա երանելի օրերը, մեր առաջին հանդիպումը 1944-ի հուլիսին, երջանիկ այն 15 օրերը, երբ մինչև բնակարան վարձելը Կարպն ապրեց մեր տանը, մեր համատեղ աշխատանքը թատրոնում, նույն շենքում բնակվելու 24 տարվա հարևանությունը։ ՈՒ հիմա, ամեն անգամ տնից դուրս գալիս, երբ անցնում եմ Կարպի պատուհանի տակով, կինոկադրերի նման հիշողությանս մեջ սահում են թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում կերտած նրա 150-ի հասնող, մեկը մյուսից հետաքրքիր ու հյութեղ կերպարները։ Ես տեսնում եմ նրա չգերազանցված Տոնինոյին ու Ջանետոյին («Վենետիկյան երկվորյակներ»), շեքսպիրագետների միահամուռ հիացմանն արժանացած Պետրուչոյին («Անսանձի սանձահարումը»), կրակոտ ու պալատական տիկնանց խենթացնող Ալդեմարոյին («Պարերի ուսուցիչը»), ճարպիկ և հնարամիտ Նիկոյին («Ատամնաբույժն արևելյան»), շառլատան Ժորժին («Մորգանի խնամին»), պրոֆեսոր Հիգինսին («Իմ չքնաղ լեդի»), բրեխտյան Մակ-Հիտին («Երեքգրոշանոց օպերա»), չարենցյան խոսքի` իմաստային նշանակությամբ Սուրեն Քոչարյանի ուշադրությունը գրաված Ղարային («Կապկազ թամաշա»), չապլինյան արվեստին աղերսվող Թոդորոսին («Պահանջվում է ստախոս»), վրիժառու Ռինալդոյին («Սև վիշապ»), վարպետորեն մարմնավորած Դոն Կիխոտին («Մարդը Լամանչից»), մոտ հազար անգամ դահլիճն ալեկոծող Կնյազին («Տաքսի, տաքսի») և կամ իր վարպետ խաղով` Հրաչյա Ներսիսյան-Էլիզբարյանին ու Ավետ Ավետիսյան-Սաղաթելին ոչնչով չզիջող Խաչվանքյան-Սուրենին («Հայֆիլմ», «Պատվի համար»)։
«...Հենց առաջին դիտածս դերակատարումից բեմահարթակում ես տեսա ի վերուստ շնորհված տաղանդի կայծ ունեցող մի երիտասարդի և ուրախացա, որ խմբում այսպիսի դերասան կա, որի հետ կարելի է մեծ հույսեր կապել, հետը լրջորեն աշխատել»,- այսպես է գրել մեծ դերասանապետ Վարդան Աճեմյանը, ում ղեկավարությամբ էլ աճեց ու հզորացավ Կարպ Խաչվանքյանը, դառնալով թատերախմբի այն ամուր սյունը, որի վրա հիսուն տարուց ավելի կանգուն մնաց թատրոնի գմբեթը։
Ասվածի հաստատումը Պարույր Սևակի խոսքը եղավ. «Կարպ Խաչվանքյանը հայ թատրոնի կառքին լծված ամենաուժեղ նժույգներից մեկն է»։
Սևակյան բնորոշման ճշմարտացիությունը ես զգացել եմ որպես մեծատաղանդ արտիստի խաղընկեր։ Դեռ նոր թատրոն մտած` քսաներեք-քսանչորս տարեկան երիտասարդ, ես երջանկություն ունեցա Կարպ Խաչվանքյանի հետ բեմ բարձրանալու` Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», Մոլիերի «Սկապենի արարքները», Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», Չարենցի «Կապկազ թամաշա», Սունդուկյանի «Վարինկի վեչեր» և այլ ներկայացումներում, ու համոզվեցի, թե որքան հոգատար, նրբանկատ, իր խաղով բեմում օգնող ու նաև ներողամիտ է նա երիտասարդների հանդեպ։
Միայն նրա ջանքերի ու հեղինակության շնորհիվ էր, որ երաժշտական կոմեդիայի թատրոնին կից 1992 թ. ստեղծվեց դերասանական ստուդիա, որի շրջանավարտներից շատերը դարձան հենց իր խաղընկերները։
Այսօր էլ թատրոնի կամարների տակ սավառնում է Կարպի ոգին, կա նրա շունչը։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի և տնօրեն Կարո Շահբազյանի հետևողական ջանքերով նույն շենքի վերնահարկում շուտով կգործի «Կարպ Խաչվանքյան» թատերասրահը, որտեղ բեմադրություններ անելու ազատ հնարավորություն կունենան երիտասարդ բեմադրիչները, քաղաքապետարանի համաձայնությամբ թատրոնի շքամուտքի առջև կկանգնեցվի մեծ արտիստի արձանը։
Արտիստական նախանձելի կյանքով ապրեց համայն հայության սիրելի դերասան Կարպ Խաչվանքյանը։
Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 3077

Մեկնաբանություններ